Home ՅՈԳԱՅԻ ՄԱՍԻՆ Յոգայի 8փուլերը

Յոգայի 8 փուլերը

 

Յոգայի ութ փուլերն են.

  1. Յամա
  2. Նիյամա
  3. Ասանա
  4. Պրանայամա
  5. Պրատյահարա
  6. Դհարանա
  7. Դհյանա
  8. Սամադհի

 

 

Յամա

Յաման ունի հինգ սկզբունք. 

  • Ահիմսա - չվնասելու օրենք. երբեք որևէ կենդանի էակի չվնասել ու ցավ չպատճառել կամ դրան որևէ կերպ չնպաստել` ո´չ մտքով, ո´չ խոսքով և ո´չ էլ գործով։
  • Սաթյա - ճշմարտասիրություն մտքով, խոսքով և գործով. սուտ չխոսել, չվատաբանել։
  • Աստեյա - չգողանալ, անարժան կերպով որևէ բան ձեռք չբերել, պահպանել ազնվություն բոլոր պարագաներում։
  • Բրահմաչարիա - ժուժկալություն, սեռական հակումների զսպումը մտքով, խոսքով և գործով: Այս սկզբունքն օգնում է ապրել այնպես, որ ոչ թե մեր սեռական հակումները տիրեն մեզ, այլ` մենք նրանց։ 
  • Ապարիգրահա - չնախանձել, ագահությունից զերծ մնալ: Այս սկզբունքի նպատակն է խուսափել նյութական բարիքների անզուսպ, անիմաստ և չափից դուրս կուտակումից:

 

 

Նիյամա

  Նիյաման ունի հինգ սկզբունք.

  • Շաուչա - մաքրասիրություն. սրտի, մտքի, խոսքի, մարմնի, գործի մաքրություն, մաքուր և առողջարար սննդի օգտագործում։ Այս սկզբունքը վերաբերում է նաև ներքին ու արտաքին էներգիաների մաքրության պահպանմանը:
  • Սանտոշա - բավարարվածություն. նպատակների իրականացման ճանապարհին որոշակի սահմանների գիտակցում, գիտակցում, որ ոչ բոլոր դեպքերում է նպատակը արդարացնում միջոցները: 
  • Տապաս - ճգնավորություն. հայրենասիրական, բարձր ու վեհ գաղափարներով առաջնորդվելը, հրաժարվելը աշխարհիկ կյանքի այն հաճույքներից, որոնք խանգարում են նպատակների իրագործմանը:
  • Սվադհյայա - ինքնակրթում և ուսում. այն վերջ է դնում տգիտությանը և հանգեցնում է իմացության ու ինքնավերլուծության։ Ինքնակրթումը, գիտելիքներ ձեռք բերելը և ուսում ստանալը նպաստում են դատողության, մտածողության զարգացմանը:
  • Իշվարա պրանիդհանա - հոգևոր կյանքին նվիրվելը, տիեզերքի, բնության օրենքները սովորելն ու դրանցով առաջնորդվելը:

 

  

 

Ասանա

Ասանաների համակարգը մարմնի հատուկ դիրքերի և ֆիզիական վարժությունների մի ամբողջություն է, որի նպատակը մարդու մարմնի ֆիզիկական ուժեղացումն է ու առողջության բարելավումը։ Ասանաների տևական կիրառումը մարդուն դարձնում է առողջ, ուժեղ, կարգապահ, բարելավում է արյան շրջանառությունն ամբողջ մարմնում և զարգացնում կենտրոնանալու ունակությունը։ 

Մարդիկ, անկախ տարիքից, ասանաների օգնությամբ սովորում են պահպանել առողջությունը, աշխուժությունը, երիտասարդությունը, շարժունակությունը և ցանկության դեպքում կարողանում են նվազեցնել և ավելացնել քաշը:

 

 

  Պրանայամա

Պրանայաման` յոգայի չորրորդ փուլը, շնչառության արվեստն է: Յոգերը ստեղծել ու մշակել են շնչառության բազմաթիվ եղանակներ, որոնք սնում ու ամրացնում են մարմինը:Յոգայի ուսմունքի համաձայն` պրանան տիեզերական կենսական էներգիա է, որը գոյություն ունի տիեզերքում ու մեր նյութական աշխարհում` մարմնի, արևի ճառագայթների, օդի, ջրի, սննդի և ընդհանրապես բնության մեջ: Պրանան սնում ու պահպանում է ամբողջ նյութական աշխարհը և մեր մարմինը: Շնչառության միջոցով պրանայի կառավարումը կոչվում է պրանայամա:

 

 

Պրատյահարա

Պրատյահարան՝ յոգայի հինգերորդ աստիճանը, մարդու զգայական աշխարհի, կրքերի վերահսկման արվեստն է: Այս փուլում մարդը, իշխելով իր զգայարանների և կրքերի վրա, կարողանում է օբյեկտիվորեն տեսնել իրական աշխարհն ու կյանքի վերաբերյալ ճիշտ որոշումներ ընդունել: Կան բազմաթիվ մեթոդներ, որոնք կիրառվում են այս փուլում: Դրանց շնորհիվ մարդը կարողանում է պայքարել և ազատվել իր վատ ու վնասակար սովորություններից:

 

 

Դհարանա

 Վեցերորդ աստիճանը մտակենտրոնացումն է: 

Գոյություն ունեն բազմաթիվ մեթոդներ ու վարժություններ, որոնք մարդուն օգնում են ունենալ կենտրոնացված, հղկված միտք և հաստատուն կամք:Դհարանայի նպատակը միտքը կենտրոնացնելու ունակության զարգացումն է, ինչի շնորհիվ մարդը կարող է առանց շեղվելու, հաջողությամբ իրագործել իր որոշումները, նպատակները: Մտակենտրոնացման միջոցով նա սովորում է իր մտավոր էությունը դարձնել հաստատուն և վերահսկել սեփական կյանքի ողջ ընթացքը: Կենտրոնացած միտք ունեցող մարդը աչքի է ընկնում վճռականությամբ, հաստատունությամբ, նրա վրա կարելի է հույս դնել:

 

 

 

Դհյանա

 Մեդիտացիա կամ մտախոկում, մտախորասուզում` Աշտանգա յոգայի յոթերորդ աստիճանն է:

Այս փուլում անհրաժեշտ է չընդհատվող կենտրոնացումՀաջողությամբ իրականացված մեդիտացիայի շնորհիվ մարդու գիտակցությունն ու ենթագիտակցությունն ազատվում են մտավոր և հոգեկան վնասակար ազդեցություններից, որոնք կյանքի ընթացքում հիմնավորվել են նրա ներաշխարհում: Գիտակցությունը դառնում է ավելի ճկուն, և մարդը ավելի արդյունավետ է օգտագործում ուղեղի հնարավորությունները:Մտախորասուզման տևական կատարման արդյունքում, մարդը կարողանում է երևույթներն ու իրադարձությունները ճշտորեն և իրականությանը համապատասխան կերպով մեկնաբանել ու վերլուծել:Մեդիտացիան գիտակցության հանգիստ, պասիվ, ոչ լարված վիճակում մտավոր էության մարզումն է:

 

 

 

 

Սամադհի

Սամադհին հանգեցնում է մարդու,  տիեզերքի և բնության ներդաշնակության: Այս փուլում մարդը դառնում է իմաստուն, նրա առջև բացվում են իմացության բոլոր դռները, նյութական և տիեզերական հոգևոր աշխարհների գաղտնիքները: Մարդը բացահայտում է մի աշխարհ, որը վեր է մեզ համար ընկալելի ցանկացած գիտակցությունից, նա ապրում է երանության զգացումով և բնության ու տիեզերքի հետ ներդաշնակ է:

Այս փուլում մարդու գիտակցությունն ազատվում է ցանկացած կապանքից և հասնում իր բարձրագույն աստիճանին: Նա տեսնում է տիեզերքի կատարելությունը և հասկանում իր դերը աշխարհում:

  

 

ՍԿԻԶԲ 

 

Powered by InterMedia Inc.