Home ՅՈԳԱՅԻ ՄԱՍԻՆ Ինչ է յոգան

Ինչ է յոգան

Յոգան գիտելիքների մի համակարգ է, որը նպաստում է մարդու ֆիզիկական, մտավոր և հոգևոր զարգացմանը: Այն ինքնաճանաչման արվեստ է, որը սկսվում է մարմնի ֆիզիկական կատարելագործումից և ավարտվում հոգու կատարելիությամբ ու մարդու մաքրությամբ, բնության և տիեզերքի հետ ներդաշնակությամբ:

Տարածված կարծիք կա, որ յոգայի հայրենիքը Հնդկաստանն է, սակայն աշխարհի տարբեր մասերում հայտնաբերվել են յոգայի հետ առնչվող ժայռապատկերներ, որոնք ունեն հինգից տասը հազար տարվա վաղեմություն։ Սա վկայում է այն մասին, որ յոգան ստեղծվել է ոչ միայն Հնդկաստանում ու ոչ միայն հնդիկ ժողովրդի, այլև ողջ մարդկության համար. այն համամարդկային արժեք է և ծառայում է մեկ նպատակի` մարդկությանը ուղղություն տալ` լիարժեք կյանքով ապրելու համար:

Հազարամյակներ շարունակ յոգայի գիտելիքները սերնդեսերունդ փոխանցվել են միայն ուսուցչից աշակերտին: Այդ ընթացքում ձևավորվել են յոգայի տարբեր ուղղություններ` Հաթհա յոգա, Կարմա յոգա, Ջանա կամ Ջնյանա յոգա, Ռաջա յոգա, Բհակտի յոգա, Մանթրա յոգա և այլն:

Ըստ մեզ հասած տեղեկությունների` մ.թ.ա. 2-րդ դարում յոգայի մասին գիտելիքներն առաջին անգամ համակարգված և դասակարգված կերպով ներկայացրել ու որպես դասագիրք գրի է առել Պատանջալի իմաստունը։ Այդ դասագիրքը վայելում է մեծ հեղինակություն ամբողջ աշխարհում` որպես դասական յոգայի առաջնային դասագիրք:

Պատանջալին իր «Յոգա-սուտրա» գրքում նշում է յոգա  բառի ստուգաբանական և իմաստային երկու բացատրություն: Մի դեպքում յոգա  բառն ուղղակիորեն կապվում է յոկի արմատի հետ,  որը թարգմանաբար նշանակում է կապ կամ միություն, այսինքն` կապ կամ միություն մարդու, բնության և տիեզերքի միջև։ Մյուս դեպքում` յոգա բառի ծագումը կապվում է հին սանսկրիտի յուջ արմատի հետ, որը նշանակում է մտախոկում:

Պատանջալի իմաստունը նշում է, որ յոգան մտավոր թրթիռների, շարժումների, թափառումների կայունացումն է: Նա յոգան անվանում է Աշտանգա յոգա, որը բառացիորեն թարգմանվում է յոգա` բաղկացած ութ փուլից (աշտա- ութ, անգա- վերջավորություն, ճյուղ, աստիճան): Այդ փուլերն են Յամա, Նիյամա, Ասանա, Պրանայամա, Պրատյահարա, Դհարանա, Դհյանա և Սամադհի:
 

Powered by InterMedia Inc.